Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանը փակելու և ռուսաստանցիների մուտքը սահմանափակելու հիմքեր չունի։ Ինչպես հայտնում է Ria.ru-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին:
Նշվում է, որ վրացական ընդդիմադիր հեռուստատեսային և տելեգրամյան ալիքներն ավելի վաղ տեղեկություն էին տարածել, թե, իբր, վերջին ժամանակներս երկիր են ժամանել շուրջ 250 հազար ռուսներ։
«Ինչ վերաբերում է, իբր, Ռուսաստանի 250 հազար քաղաքացիների ժամանմանը, ապա դա ճիշտ չէ։ Այդքան մարդ չի եկել, չգիտեմ, թե որտեղից են գալիս այդ թվերը։ Մոտ 4-5 օր առաջ եղել է 5-6 հազար ժամանող, այժմ այդ թիվը հասել է 10 հազարի։ ՌԴ քաղաքացիները միշտ Վրաստան են ժամանել։ Նրանք հիմա էլ են գալու։ Ինչո ՞ւ պետք է նրանց մուտքը սահմանափակենք»,-ասել է նա։
Ընդ որում՝ նախարարը նշել է, որ իր համար անհասկանալի են ընդդիմության պահանջները, որոնց մի մասը կոչ է անում փակել Ռուսաստանի հետ սահմանը, իսկ մյուս մասը՝ հակառակը, հնարավորինս շատ ռուսների ընդունել։
Գոմելաուրին հավելել է, որ Վրաստան մուտք գործել ցանկացողների թվի աճի պատճառով համապատասխան գերատեսչություններն արդեն միջոցներ են ձեռնարկել․ մասնավորապես՝ անցակետում ուժեղացվել է հսկողությունը, ինչպես նաև ավելացրել են սահմանապահների թիվը: