ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք – 2» խողովակաշարերում դիվերսիա է տեղի ունեցել, մտադիր է ծանոթանալ հետաքննության արդյունքներին, որոնք կներկայացնեն եվրոպական երկրները: Այս մասին չորեքշաբթի հայտնել է ամերիկյան պատժամիջոցների քաղաքականության համակարգող Ջեյմս Օ՛Բրայենը Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ։
Նրան խնդրել են մեկնաբանել ծովային գազամուղների երեք գծերի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Դանիան և մյուսները պատրաստվում են հետաքննություն անցկացնել։ Մենք պետք է ծանոթանանք հետաքննության արդյունքներին։ «…» Մենք պետք է գնահատենք հետագա իրավիճակը։ Եվ մենք Եվրոպային խոստացել ենք աջակցել տեղի ունեցածի հետաքննության հարցում նրանց ջանքերին», – պատասխանել է Օ՛Բրայենը, որն աշխատում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կառուցվածքում։