Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը կիրակի Թուրքիայում հանդիպել է Baykar ընկերության ղեկավարների հետ, որը Bayraktar ԱԹՍ հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրողն է, և նրանց հետ քննարկել է Ուկրաինայում դրանց արտադրության մեկնարկը: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից։
«Նա այցելել է Baykar ընկերության արտադրական հզորությունները, որն արտադրում է Bayraktar անօդաչու թռչող սարքեր։ «…» Անդրեյ Երմակը հանդիպել է նաև ընկերության ղեկավարների՝ Հալուկի և Սելչուկ Բայրաքթարների հետ։ Կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ և ապագա նախագծերը, մասնավորապես՝ Ուկրաինայի տարածքում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը», – ասված է հաղորդագրության մեջ։
Երմակը, ճշտել են մամուլի ծառայությունում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանձնարարությամբ Սելչուկ Բայրաքթարին հանձնել է «վաստակի համար» երրորդ աստիճանի շքանշանը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 3-ին այցելել է Կիև։ Այդ այցի շրջանակներում ստորագրվել են ութ միջպետական փաստաթղթեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, ավիացիոն և տիեզերական ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր, որոնք թույլ կտան Ուկրաինայում կառուցել Bayraktar-ի արտադրության և սպասարկման գործարան: Հուլիսի 19-ին Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Թուրքիայի հետ համաձայնագրի վավերացման օրինագծին: Օգոստոսի 8-ին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել էր, որ Baykar-ը Ուկրաինայում գործարանի կառուցման համար հողատարածք է գնել։ Սեպտեմբերի 9-ին Կիևում կայացած հանդիպմանը Զելենսկին և Հալուկ Բայրաքթարը քննարկել են Ուկրաինայում հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը: