Ռուսաստանը մշակում է «Թուրքական հոսք» գազատարի լրացուցիչ գծերի կառուցումը՝ Թուրքիայում գազային հանգույց կառուցելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի իրականացման շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, գրում է «Коммерсантъ »-ը։
«Նախագահն այդ մասին ասել է։ Դա դեռևս տարբերակ է, որը մշակման փուլում է», – Նովակի խոսքը մեջբերում է պարբերականը։ Փոխվարչապետը նշել է, որ ենթակառուցվածքային հզորությունների ընդլայնումը դեպի Թուրքիա և Եվրոպա ռուսական էներգառեսուրսների մատակարարումների ավելացման համար շատ հեռանկարային է:
«Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ դա շատ հեռանկարային է, քանի որ այստեղ այլ երկրներ չկան, կարելի է ուղղակի աշխատել Թուրքիայի հետ էներգետիկ ռեսուրսների մատակարարման հարցում։ Եվ որպես հանգույց Թուրքիան կարող է լինել դեպի Եվրոպա էներգետիկ ռեսուրսների մատակարարման համար»,— ասել է Նովակը։
Պարբերականը նշում է, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Թուրքիայում ստեղծել գազային հանգույց, որպեսզի «Հյուսիսային հոսքերով» տարանցման կորսված ծավալը վերաուղղարկի Սև ծովի տարածաշրջան: Նախագահը հստակեցրել է, որ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է եվրոպացի գործընկերների շահագրգռվածությունը։ Թուրքիան հաստատել է, որ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը տեխնիկապես հնարավոր է կատարել։ Այնուամենայնիվ, թուրքական կողմը հայտնել է, որ նման առաջարկ առաջին անգամ է լսել, ուստի այն պետք է հանգամանորեն ուսումնասիրվի։
Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» գազատարի գործարկումը տեղի է ունեցել 2020թ. -ի հունվարի 8-ին։ Գազատարը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանից Սև ծովի հատակով Թուրքիայի եվրոպական հատված է ուղարկվել։ Մոտ 1100 կմ երկարությամբ խողովակաշարը բաղկացած է տարեկան 31,5 մլրդ խորհանարդ մետր ընդհանուր հզորությամբ երկու խողովակաշարից։