Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբեք թույլ չի տալիս նստել իր պարանոցին և առաջնորդվել երրորդ երկրների շահերով, նա հետևողական և հուսալի գործընկեր է, թեև դա հեշտ չէ, РИА новости-ի փոխացմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նստաշրջանում՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձ շահերի բազմաթիվ համընկնող վեկտորներ ունեն՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտում։ Նրա խոսքով՝ գազային հանգույց ստեղծելու համար թուրքական կողմը համաձայնել է նախևառաջ իր սեփական շահերից ելնելով։
«Նախագահ Էրդողանը երբեք թույլ չի տալիս նստել իր պարանոցին և առաջնորդվել երրորդ երկրների շահերով։ Բայց նա, իհարկե, մեզ հետ երկխոսության մեջ առաջին հերթին պաշտպանում է իր շահերը։ Այս առումով Թուրքիան, ընդհանուր առմամբ, և նախագահ Էրդողանը, մասնավորապես, բարդ գործընկերներ են։ Շատ որոշումներ ծնվում են նման երկար ու բարդ վեճերում, բանակցություններում։ Բայց կա երկու կողմերի ձգտումը՝ ձեռք բերել այդ պայմանավորվածությունները։ Եվ մենք, որպես կանոն, այդ պայմանավորվածություններին հասնում ենք։ Այդ առումով Էրդողանն, իհարկե, հետևողական և վստահելի գործընկեր է», – ասել է Պուտինը։
«Իսկ ինքը՝ նա, չի փորձում նստել ձեր պարանոցին»- հարցրեց նստաշրջանի մոդերատոր Ֆյոդոր Լուկյանովը նախագահին:
«Ես էլ ասացի, որ Թուրքիայի նախագահը բարդ գործընկեր է և միշտ պաշտպանում է իր շահերը՝ ոչ թե անձնական, այլ երկրի շահերը։ Չի կարելի ասել, որ նա փորձում է նստել պարանոցի վրա, նա պարզապես պայքարում է այն որոշման համար, որը, ըստ նրա կառավարության, խորհրդականների, օպտիմալ է», – պատասխանել է Պուտինը։