Ռուսաստանը դադարեցրել է հացահատիկի գործարքին մասնակցությունը, հայտնել է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին։
«Հաշվի առնելով ս. թ. հոկտեմբերի 29 – ին Կիևի ռեժիմի կողմից Մեծ Բրիտանիայի մասնագետների մասնակցությամբ իրականացված ահաբեկչական գործողությունը Սևծովյան նավատորմի նավերի և հացահատիկային միջանցքի անվտանգության ապահովման գործում ներգրավված քաղաքացիական նավերի դեմ, ռուսական կողմը դադարեցնում է մասնակցությունը ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համաձայնագրերի իրականացմանը», – գործակալությունը մեջբերում է հաղորդագրությունը:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ «Կիևի վարչակարգը ահաբեկչական հարձակում է գործել Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա Սևաստոպոլում՝ գործի դնելով ինը անօդաչու թռչող սարք և յոթ ինքնավար ծովային անօդաչու սարք։ Նրանք բոլորը ոչնչացվել են»։
Հացահատիկի գործարքը կնքվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև։ Համաձայնագիրը նախատեսում էր ապահովել անվտանգ առաքում ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի և հարակից սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման համար: