Անգլիացի հայտնի դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի կյանքի միակ դիմանկարը կվաճառվի Բրիտանիայում։ Նկարը վաճառքի է հանվել 10 միլիոն ֆունտ ստեռլինգով, վաճառողի ինքնությունը հայտնի չէ, գրում է Daily Mail-ը:
Աշխատանքը ստորագրել է Ջեյմս I թագավորի պալատական նկարիչ Ռոբերտ պիկը և թվագրվում է 1608 թվականին։ Արվեստաբան Դունկան Ֆիլիպսի խոսքով՝ 1975 թվականի աճուրդում այդ դիմանկարը վաճառվել է ընդամենը 400 ֆունտ ստեռլինգով։ Կատալոգում ասվում էր, որ նկարը պատկանում է հոլանդացի Փոլ Վան Սոմերին։
Նկարագրության մեջ ընդգծվել է, որ դա «44-ամյա ջենթլմենի դիմանկարն է, որին Շեքսպիր են համարում»։ «Համլետի» հեղինակը 1608 թվականին հենց 44 տարեկան էր։
Միևնույն ժամանակ, շեքսպիրաբան Մայքլ Դոբսոնը թերահավատորեն է արձագանքել այս լուրին: Նրա խոսքով՝ նկարը ոչ մի կապ չունի մեծ դրամատուրգի երկու ճանաչված պատկերների հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ դիմանկարը ցուցադրվել է Grosvenor House հյուրանոցում, որը գտնվում է Լոնդոնի արևմուտքում։