Ռուսաստանը Իրանի հետ ռուսական տարածքում հարյուրավոր անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսելու շուրջ համաձայնության է եկել: Ինչպես գրում է «Коммерсант»-ը, այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Պարբերականը, վկայակոչելով երկու երկրների անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին, հայտնում է, որ իրանա-ռուսական գործարքի մանրամասները վերջնականապես համաձայնեցվել են նոյեմբերի սկզբին կայացած հանդիպմանը: Այդ հանդիպմանը մասնակցել են նաև պաշտպանական արդյունաբերության մի խումբ ներկայացուցիչներ, որոնք Թեհրան են ժամանել լոգիստիկայի մշակման համար:
The Washington Post-ը հիշեցրել է, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-ին մեկնել է Թեհրան՝ քննարկելու տնտեսական պատժամիջոցները և Արևմուտքի միջամտությունը կառավարությունների գործերին:
Ուկրաինայի իշխանությունները սեպտեմբերից հայտարարում են ռուսական կողմից իրանական արտադրության անօդաչու սարքերի կիրառման մասին։ Ռուսաստանը պաշտոնապես հերքում է այդ հաղորդագրությունները։ Նոյեմբերին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Թեհրանը Ռուսաստանին փոքր քանակությամբ անօդաչու սարքեր է փոխանցել Ուկրաինայում հակամարտության սկսվելուց մի քանի ամիս առաջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանը ծրագրում է Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների և հարվածային անօդաչուների նոր խմբաքանակ մատակարարել: