Շանհայի ոստիկանությունը շրջափակել է Ուրումչի փողոցի մի մասը, որտեղ շարունակվում են տեղի բնակիչների բողոքի ակցիաները՝ ընդդեմ իշխանությունների կողմից հակաքովիդյան խիստ միջոցառումների, որոնք մի շարք սահմանափակումներ են ենթադրում: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նշվում է, որ հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել փողոցում, սակայն թե՛ իրավապահները, թե՛ ցուցարարները ոչ մի ակտիվ գործողություն դեռ չեն ձեռնարկում:
Նշված փողոցում, որտեղ բողոքի ցույցեր են ընթանում, շարունակում են աշխատել խանութները, սրճարանները, ռեստորանները:
Շանհայում բողոքի ցույցերի համար առիթ է հանդիսացել Ուրումչիում տեղի ունեցած ողբերգությունը, ուր հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել, 9-ը վիրավորվել են: Այս շենքի բնակիչները COVID-19-ի բռնկման պատճառով կարանտինի են ենթարկվել: Սոցիալական ցանցերում շրջանառվում է չհաստատված տեղեկատվություն այն մասին, որ զոհերի մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ լոքդաունի պատճառով մարդիկ չեն կարողացել արագ լքել իրենց բնակարանները, իսկ հրշեջներն ու հատուկ տեխնիկան արգելափակված ճանապարհների պատճառով ուշ են հասել դեպքի վայր։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Չինաստանի Շանհայ քաղաքի իշխանությունները, որպես COVID-19-ի բռնկման դեմ պայքարի մաս, նոյեմբերի 24-ից խստացրել են նաև քաղաք ժամանելու կանոնները: COVID-19-ի դեպքերն ամբողջ երկրում կրկին աճում են: