Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆ Հաֆթարին չի ընդունում որպես երկխոսության գործընկեր, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Հաֆթարը լեգեոներ է, որը Լիբիայում լեգիտիմ իշխանություն չունի։ Նա մեր երկխոսության կողմը չէ, մենք չենք խոսի նրա հետ», – ասել է Էրդողանը լրագրողներին։
Նա հավելել է, որ նրանք, ովքեր կոչ են անում թուրք զինվորականներին դուրս բերել Լիբիայից, մոռանում են օտարերկրյա վարձկանների մասին, որոնք կռվում են Հաֆթարի կողմում:
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան փաստացի դադարեց գործել որպես միասնական պետություն: Հիմա երկրում երկիշխանություն է։ Արևելքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլիում, կառավարում է ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ։ Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում են Խալիֆա Հաֆթարի բանակի հետ։