Շվեդիան Թուրքիային է հանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամ Մահմութ Թաթին։ Նա արդեն Ստամբուլում կանգնել է դատարանի առջև, հաղորդում է թուրքական «Andolu» գործակալությունը։
Նշվում է, որ Մահմութ Թաթը նախկինում դատապարտվել էր 6 տարի 10 ամսվա ազատազրկման ՔԱԿ-ին մասնակցության համար, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում:
2015 – ին նա ապաստան ստանալու հայց է ներկայացրել Շվեդիայում՝ կապված թուրքական դատարանի հետ, սակայն մերժում է ստացել։ Գործակալության տվյալներով՝ որոշ ժամանակ առաջ նա ձերբակալվել է Շվեդիայի ոստիկանության կողմից և տեղափոխվել Մելնդալի քննչական մեկուսարան, իսկ անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից հետո ինքնաթիռով ուղարկվել է Թուրքիա։
Հունիսին Թուրքիան համաձայնել էր աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում: Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ երկու երկրները խոստացել են չսատարել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG), ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժմանը: