Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել ոչ ավանդական սեռական հարաբերությունների, սեռափոխության և մանկապղծության քարոզչությունն արգելելու մասին: ТАСС-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի ստորագրման մասին տեղեկատվությունը երկուշաբթի հայտնվել է Պետդումայի տվյալների բազայում:
Փոփոխություններ են կատարվել «տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքում և այլ փաստաթղթերում: Դրանց համաձայն՝ այժմ ամբողջովին արգելված է նման քարոզչությունը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, կինոյում, գովազդում։ Օրինակ՝ ֆիլմը, որտեղ կա ոչ ավանդական սեռական հարաբերությունների կամ նախասիրությունների, մանկապղծության, սեռափոխության քարոզչություն, չի կարող ստանալ վարձույթի վկայական։
Առանձին արգելվում է նման տեղեկատվության տարածումը անչափահասների շրջանում. նախկինում սահմանափակումը վերաբերում էր միայն ԼԳԲՏ անձանց մասին նյութերին: Նախատեսվում է ստեղծել մեխանիզմ, որը կսահմանափակի երեխաների մուտքը վճարովի ծառայություններում ԼԳԲՏ-տեղեկատվության լսմանը կամ դիտմանը: Տարիքը հաստատելու համար հարկավոր է մուտքագրել ծածկագրեր կամ կատարել այլ գործողություններ:
Ռոսկոմնադզորը կկարողանա ոչ ավանդական հարաբերությունների, մանկապղծության, սեռափոխության քարոզչությամբ ռեսուրսները ներառել արգելված տեղեկատվության միասնական գրանցամատյանում՝ դրա հետագա արգելափակման համար։ Այն նաև իրավունք է ստանում որոշել մոնիտորինգի կարգը՝ ինտերնետում նման տեղեկատվությունը բացահայտելու համար։ Մոնիթորինգը կիրականացնի կառավարության լիազորած կազմակերպությունը։
Հնարավոր չի լինի վաճառել ապրանքներ, այդ թվում՝ ներմուծվածները, այն տեղեկատվությամբ, որի տարածման համար նախատեսված է վարչական կամ քրեական պատասխանատվություն։ Զուգահեռաբար, մեկ այլ դաշնային օրենք, որը ստորագրվել է Պուտինի կողմից, փոփոխություններ է մտցնում Վարչական իրավախախտումների օրենսգրքում և վարչական պատասխանատվություն է սահմանում ցանկացած տարիքի անձանց (ոչ միայն երեխաների) նկատմամբ ոչ ավանդական սեռական հարաբերությունների խթանման համար:
Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բաշկինը, ավելի վաղ արգելվել էր անչափահասների նկատմամբ մանկապղծության, ԼԳԲՏ անձանց քարոզչությունը: Այժմ այն տարածվում է բոլոր տարիքի անձանց վրա։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: