Բիրմինգհեմ քաղաքից բրիտանացին պնդում է, որ իրեն փորձել է բռնաբարել ուկրաինացի փախստականը։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։
Նա պատմել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելուց հետո որոշել է ապաստան տրամադրել փախստականներին և ընտրել է մի տղամարդու, որի հետ մինչ այդ շփվել է հեռախոսով։ Ուկրաինացուն չի շփոթեցրել, որ տան տերը գեյ է։
Արդյունքում ուկրաինացին օգոստոսին բնակություն է հաստատել բրիտանացու մոտ, իսկ մի քանի շաբաթ անց նա իբր փորձել է բռնաբարել տան տիրոջը։ Բրիտանացին խոստովանում է, որ հարբած վիճակում է եղել և դեպքի մասին հատվածաբար է հիշում։
Նա դիմել է ոստիկանություն, սակայն այնտեղ հայտարարել են, որ ուկրաինացուն մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ ապացույցներ չունեն։