Հնդկաստանի պաշտպանական արտադրանքի արտահանումը 2021-2022 ֆինանսական տարում կազմել է ռեկորդային 140 մլրդ ռուփի (մոտ 1,7 մլրդ դոլար), հայտնում է Mint թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Հնդկաստանը մտադիր է մինչև 2025 թվականը պաշտպանական արտահանումը հասցնել ավելի քան 3 մլրդ դոլարի: Նշվում է, որ ութ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 9 մլրդ ռուփի (110,8 մլն դոլար), Պաշտպանական արտահանման կայուն աճ է գրանցվել 2014 թվականից հետո:
Այդ ժամանակ իշխանության եկավ վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը, որը հայտարարեց «ինքնաբավ Հնդկաստան» ծրագիրը, որը նախատեսում է ժամանակակից սպառազինությունների սեփական արտադրության զարգացում, գրում է պարբերականը
Նշվում է, որ Հնդկաստանը պատրաստ է արտահանել տարբեր տեսակի հրթիռային համակարգեր, թեթև ինքնաթիռներ և ուղղաթիռներ, մարտական նավեր և պարեկային նավեր, հրետանային համակարգեր, տանկեր, ռադարներ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր և սեփական արտադրության սպառազինությունների այլ համակարգեր:
Սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Հնդկաստանն ու Հայաստանը հայկական կողմին մոտ 244 մլն դոլարի սպառազինության մատակարարման պայմանագիր են ստորագրել: Հաղորդվում էր, որ պատվերն իր մեջ ներառում է պատմության մեջ առաջին անգամ հնդկական արտադրության Pinaka MLRS-ի արտահանումը։
Տեղեկացվել է նաև, որ Հայաստանը կարող է Հնդկաստանից գնել անօդաչու թռչող սարքեր, ռազմամթերք, ինչպես նաև զենիթահրթիռային համալիրներ: Տեղեկացվել է նաև, որ Երևանն ու Դելին մտադիր են համատեղ արտադրական բազաներ ստեղծել Հայաստանում։ Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Հնդկաստանը կարող է Հայաստանին վաճառել 155 մլն դոլարի հրետանային կայանքներ։