Թուրքիան վճռական է տրամադրված Սիրիայի հետ սահմանին 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու հարցում։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստան մեկնելուց առաջ, որտեղ դեկտեմբերի 14-ին տեղի կունենա եռակողմ գագաթնաժողով՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։
«Ես միշտ ասում եմ, որ նման գործողությունների վայրն ու ամսաթիվը չեն նշվում։ Միևնույն ժամանակ, նպատակները հայտնի են՝ ելնելով Սոչիի հուշագրից, որի շուրջ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ։ Ես կրկին հիշեցրել եմ այդ մասին», – ասել է Էրդողանը լրագրողներին՝ նկատի ունենալով կիրակի օրը ռուս գործընկերոջ հետ կայացած հեռախոսազրույցը։ «Մենք նրանց (ռուսաստանցիներին) աջակցություն ենք խնդրել համատեղ որոշումների հնարավոր ընդունման և, հնարավոր է, դրանց իրականացման հարցում», – հավելել է նա:
Էրդողանն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի կողմից ծրագրվող գործողության նպատակը սահմանակից տարածքում 30 կիլոմետրանոց անվտանգության գծի ստեղծումն ավարտելն է: