Միացյալ Նահանգները պատրաստ է պատժել Թուրքիայի ընկերություններին Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը չպահպանելու համար։ ТАСС-ի փոխանցմամբ՝ նման նախազգուշացումով հինգշաբթի առցանց ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ամերիկյան պատժամիջոցների քաղաքականության համակարգող Ջեյմս Օ ‘ Բրայենը։
«Ինչպես միշտ Թուրքիայի դեպքում, մենք շատ բաց և անկեղծ կարծիքներ ենք փոխանակում։ Եվ մենք հստակ հասկացնում ենք, որ երբ մեր շահերը մեզանից պահանջում են ապահովել մեր պատժամիջոցների պահպանումը (Ռուսաստանի նկատմամբ), մենք դա կանենք։ Եվ մենք (երկրորդական) պատժամիջոցներ կկիրառենք (ամերիկյան ռեժիմը խախտող թուրքական ֆիրմաների նկատմամբ), երբ դա անհրաժեշտ է», – ասել է Օ ‘ Բրայենը, որն աշխատում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կառույցում։
Նա խոստովանել է, որ Վաշինգտոնի նման քայլերը բացասաբար են անդրադառնում Անկարայի հետ իր հարաբերությունների վրա։ «Այո, դա ազդում է հարաբերությունների վրա։ Բայց դա պարզապես սերտ համատեղ աշխատանքի մի մասն է, որով մենք զբաղվում ենք», – ասել է դիվանագետը։
«Մենք հստակ հասկացրել ենք ինչպես թուրքական կառավարությանը, այնպես էլ թուրքական մասնավոր սեկտորին, որ ակնկալում ենք (նրանցից) պահպանել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները։ Մենք տեսնում ենք, որ թուրքական մասնավոր հատվածը դա շատ հստակ հասկանում է և զգալի չափով հետևում է պատժամիջոցների ռեժիմին», – հավելել է նա։ Օ ‘Բրայենի խոսքով՝ Միացյալ Նահանգները «շարունակելու է սերտորեն համագործակցել թուրքական իշխանությունների և մասնավոր հատվածի հետ՝ համոզվելու համար, որ պատժամիջոցները պահպանվում են, իսկ դրանց չկատարման դեպքում որոշակի միջոցներ կձեռնարկվեն»: «Երբեմն այդ գործողությունները լրացուցիչ պատժամիջոցներ են ներկայացնում պատժամիջոցներից խուսափելու համար «…»։ Երբեմն դրանք այլ քայլեր են, որոնք դադարեցնում են վարքագիծը, որը խախտում է [պատժամիջոցների ռեժիմը]: Եվ մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ», – ասել է ամերիկյան պատժամիջոցների քաղաքականության համակարգողը։
«Մենք կշարունակենք խորհրդակցությունները Թուրքիայի հետ և, հնարավոր է, [Անկարան] ստիպված լինի փոխել Ռուսաստանի հետ հետագա փոխգործակցության իր որոշ ծրագրեր», – եզրափակել է նա։