ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական նավթի և նավթամթերքների սահմանային արժեքի ներդրմանը պատասխան միջոցների մասին։ РИА новости-ի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:
«Արգելվում է ռուսական նավթի և նավթամթերքների մատակարարումն օտարերկրյա իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց՝ պայմանով, որ այդ մատակարարումների պայմանագրերում ուղղակի կամ անուղղակի նախատեսվում է օգտագործել սահմանային գնի ամրագրման մեխանիզմը։ Սահմանված արգելքը կիրառվում է մինչև վերջնական գնորդ մատակարարումների բոլոր փուլերում», — ասվում է հրամանագրում։
Գների սահամանային արժեքով նավթի մատակարարման արգելքը ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։ Նավթամթերքների վաճառքի սահմանափակումների ուժի մեջ մտնելու ամսաթիվը կորոշի կառավարությունը։ Հրամանագրի գործողության ընդհանուր ժամկետը սահմանափակվում է հաջորդ տարվա հուլիսի 1-ին։
Պետության ղեկավարը կարող է հատուկ թույլտվություն տալ ռուսական նավթի և նավթամթերքների արտահանման համար, որն արգելված է փաստաթղթով։
Էներգետիկայի նախարարությանը հանձնարարվել է մոնիթորինգ իրականացնել մատակարարումների արգելքի պահպանման վերաբերյալ և պաշտոնական պարզաբանումներ տալ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցմամբ հրամանագրի կիրառման հարցերի վերաբերյալ: Որոշումների կատարման վերահսկողությամբ կզբաղվի նաև վառելիքաէներգետիկ ոլորտում գործունեության հետ կապված հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը:
Ինչպես նախորդ շաբաթ նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, Մոսկվան պատրաստ է նավթի արդյունահանման մասնակի կրճատման՝ գների առաստաղին պատասխան միջոցների պատճառով՝ օրական մոտ 500-700 հազար բարելով։ Նրա խոսքով՝ խոսքը ընդհանուր ծավալի 5-7 տոկոսի մասին է։
Դեկտեմբերի 5 — ից ուժի մեջ են մտել Արևմուտքի երկրների նավթային պատժամիջոցները. Եվրամիությունը դադարել է ընդունել ծովով փոխադրվող ռուսական նավթը, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան և ԵՄ-ն ծովային փոխադրումների ժամանակ դրա գների սահմանափակում են սահմանել բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում. ավելի թանկ փոխադրելն ու ապահովագրելն արգելված է: