Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հինգշաբթի օրը չեղյալ է հայտարարել իր շվեդ գործընկեր Անդրեաս Նորլենի այցը։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է TRT հեռուստաալիքը։
Նման որոշում է կայացվել հունվարի 11-ին Ստոկհոլմում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) աջակցության ակցիայի կապակցությամբ, որն արգելված էր Թուրքիայում: Նորլենի այցը պետք է տեղի ունենար հունվարի 17-ին։
«Անթույլատրելի է, որ Շվեդիան թույլ տա և աչք փակի այդ ստոր ահաբեկչական գործողության վրա, որն ակնհայտ սպառնալիք է ժողովրդավարության համար։ Դա վտանգավոր է և շատ լուրջ, որ նման հարձակումը հեշտությամբ կարող է տեղի ունենալ մի պետությունում, որը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ – ին», – գրել է Շենթոպը Twitter-ում։
Ստոկհոլմում PKK-ի աջակցության ակցիա է անցկացվել, որին մասնակցել է առնվազն մի քանի հարյուր մարդ։ Երթի մասնակիցները ցուցադրել են PKK-ի սիմվոլիկան, նրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դիմանկարները։ Բացի այդ, ինչպես նշում են Անկարայում, վիրավորական գործողություններ են կատարվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող տիկնիկի նկատմամբ։
Դա խիստ արձագանք է առաջացրել թուրքական իշխանությունների կողմից։ Անկարայում Շվեդիայի դեսպանին կանչել են ԱԳՆ, որտեղ նրան բողոք են հայտնել։