Հալեպում հայ փրկարարների մասնակցությամբ փլատակների տակից 3 մարդ է փրկվել, հայտնում է Asharq News-ը:
Պարբերականի տվյալներով՝ հայ փրկարարներն աշխատում են Հալեպի Ալ-Շաար շրջանում։ Հաղորդվում է նաև, որ Հայաստանից ժամանած փրկարարները մասնակցել են փլատակների տակից 33 զոհվածների դիակների դուրսբերմանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվածների թիվը հասել է 14 014-ի, ևս 63 794 մարդ վիրավորվել է: Սիրիայում զոհվել է 1 262 մարդ, վիրավորվել ՝ 2 285-ը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: