Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն իր զեկույցում դատապարտել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ արել Բաքվին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։
Ինչպես տեղեկացնում է Եվրախորհրդարանի կայքը, պատգամավորները «խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը», նշվում է, որ այն խախտել է խաղաղության հասնելու նախկին փորձերը և հանգեցրել ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմանը։
«Ընդգծելով, որ այս վերջին ագրեսիան ուղղակի կապ չունի Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմամյա հակամարտության հետ, զեկույցը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից։ Նա նաև կոչ է անում երկու երկրների կառավարություններին աշխատել համապարփակ և փոխընդունելի խաղաղ պայմանագրի վրա, իսկ ԵՄ – ին՝ մշտապես մասնակցել, հանդես գալ որպես միջնորդ և արդյունավետորեն նպաստել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը», – ասված է հաղորդագրության մեջ:
Պատգամավորներն ընդգծել են, որ «ցանկացած նման խաղաղության պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև փախստականների և ներքին տեղահանված անձանց արագ և անվտանգ վերադարձը»:
Զեկույցում ողջունվում է Հայաստան–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ուժի մեջ մտնելը 2021 թվականի մարտին և դրա իրականացման Հայաստանի հանձնառությունը։ «Եվրախորհրդարանի պատգամավորները բարձր են գնահատում Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռնարկած նշանակալի բարեփոխումների և մանրակրկիտ ժողովրդավարացման գործընթացի համար, այն բարեփոխումների համար, որոնց շնորհիվ երկիրը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար», – ասված է հաղորդագրության մեջ: Զեկույցում նաև կոչ է արվում Բրյուսելին և Երևանին սերտորեն համագործակցել CEPA-ի շրջանակներում ընթացիկ և ապագա բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
Զեկույցում «ճանաչվում է Հայաստանի պայքարը հանցավորության և կոռուպցիայի դեմ և կոչ է արվում կառավարությանը շարունակել բարեփոխումներ իրականացնել ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության և դատական համակարգի անկախության ամրապնդման ուղղությամբ՝ չնայած միջազգային բարդ համատեքստին և մարտահրավերներին, որոնց բախվում է Հայաստանը»:
Միևնույն ժամանակ պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանում մեդիա միջավայրը «նախկինի պես բնութագրվում է բևեռացմամբ»՝ մտահոգություն հայտնելով «լրագրողների նկատմամբ ատելության և ֆիզիկական բռնության դեպքերի կապակցությամբ»:
«Պատգամավորները նաև մտահոգված են Հայաստանում ռուսական ապատեղեկատվության անողոք արշավներով, որոնք ուղղված են Եվրամիության և Արևմուտքի դեմ, և կոչ են անում ջանքեր գործադրել երկրի մեդիա հատվածի բազմազանության ուսուցման և բարելավման համար, ինչպես նաև նպաստել մեդիագրագիտության բարձրացմանը: Լիովին աջակցելով ապատեղեկատվության դեմ պայքարի Հայաստանի կառավարության ջանքերին՝ Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարում են, որ ցանկացած միջոց չպետք է հանգեցնի լրագրողների նկատմամբ կամ խոսքի ազատության սահմանափակումների», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զեկույցն ընդունվել է 55 կողմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Արտաքին գործերի կոմիտեում քվեարկությունից հետո զեկույցի տեքստը կներկայացվի Եվրոպական խորհրդարանի հավանությանը:
Հունվարին Եվրախորհրդարանը ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության 2022 թվականի տարեկան զեկույցում նույնպես դատապարտել էր Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի դեմ։