Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը շնորհակալագիր է հանձնել երկրաշարժից տուժած Հալեպ ժամանած հայ փրկրարաներին։ Այս մասին հայտնում են Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից։
Հուսեյն Դիյաբը երեկ հանդիպել է Հայաստանի Հանրապետության միջազգային փրկարարական թիմի ղեկավար գնդապետ Արմեն Գևորգյանի և որոնողափրկարարական խմբի հրամանատար գնդապետ Սերգեյ Բիձյանի հետ։
Արմեն Գևորգյանը ներկայացրել է անցնող օրերին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն և շնորհակալություն հայտնել Հալեպի նահանգապետարանի կողմից ցուցաբերված աջակցության համար։ Հ.Դիյաբը դրվատանքի խոսքեր է ուղղել հայ փրկարարներին` հանձնելով Հալեպի նահանգապետարանի շնորհակալագիրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն: