Վենետիկի ջրանցքները գրեթե չորացել են՝ ջրի մակարդակի նվազման պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ պատճառը տեղումների բացակայությունն է։ Ըստ աղբյուրի, ջրանցքներից ոմանց վրայով նավերի տեղաշարժն արդեն իսկ անհնարին է դարձել։
Իտալիայի հյուսիսային շրջաններում երաշտը շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Ալպերում ձյան ծավալը նվազել է 53%-ով, գետերի ջրային պաշարները՝ ավելի քան 60%-ով, հայտնել է Legambiente բնապահպանական կազմակերպությունը։
Ըստ Ազգային հետազոտական կենտրոնի փորձագետ Մասիմիլիանո Պասկիի, հիդրոբալանսը վերականգնելու համար անհրաժեշտ են առնվազն 50 օր տեղումներ:
Նշվում է նաև, որ Իտալիայի հյուսիսում գտնվող Գարդա լճի ջրի մակարդակն իջել է նվազագույնի, ինչը հնարավորություն է տալիս բաց արահետով հասնել լճի Սան Բիաջիո փոքրիկ կղզի:
Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, եղանակային վերջին կանխատեսումները ազդարարում են առաջիկա օրերին Ալպերում անձրևի և ձյան մասին: