Հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը՝ ըստ երջանկության մասին Համաշխարհային զեկույցի։ Ֆինլանդիայի բնակիչները վեցերորդ անգամ անընդմեջ ճանաչվել են ամենաերջանիկներն աշխարհում։
Երկրորդ և երրորդ տեղերում են Դանիան և Իսլանդիան, 4-րդ ամենաերջանիկ երկիրն Իսրայելն է, 5-րդը՝ Նիդերլանդները, որին հաջորդում են Շվեդիան,
Նորվեգիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը և Նոր Զելանդիան։
Հետխորհրդային երկրներից լավագույն հարյուրյակում են հայտնվել Լիտվան (20), Էստոնիան (31), Լատվիան (41), Ղազախստանը (44), Ուզբեկստանը (54), Ղրղզստանը (62), Հայաստանը (79), Տաջիկստանը (80), Վրաստանը (90) և Ուկրաինան (92)։
Ռուսաստանը 70-րդ տեղում է, ԱՄՆ-ն 15-րդն է, Գերմանիան՝ 16-րդը, Մեծ Բրիտանիան՝ 19-րդը։
Պատերազմից տուժած Աֆղանստանն ու Լիբանանը շարունակում են մնալ երկու ամենադժբախտ երկրները, նշում են հետազոտության հեղինակները։ Նրանք զբաղեցնում են համապատասխանաբար 137-րդ և 136-րդ հորիզոնականները:
Վարկանիշը կազմվել է երկրներից յուրաքանչյուրի բնակիչների գնահատման հիման վրա։ Նրանց խնդրել են գնահատել իրենց կենսամակարդակը 0-ից (ամենավատ) մինչև 10 (լավագույն) սանդղակով: Հեղինակներն այս արդյունքները կապում են այնպիսի տվյալների հետ, ինչպիսիք են ՀՆԱ-ի մակարդակը, սոցիալական աջակցությունը, կյանքի տևողությունը, ազատությունը և կոռուպցիան: