Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դուրս է գրվել «Ագոստինո Ջեմալի» հիվանդանոցից»,- ասել է մամուլի ծառայությունը և նշել, որ կլինիկայից դուրս գալուց առաջ Ֆրանցիսկոսը ողջունել է ղեկավարությանը, ողջ բժշկական թիմին և բուժանձնակազմին։
Պապի դուրսգրման գործընթացն ուղիղ եթերով ցուցադրվել է իտալական հեռուստաալիքներով։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո Ֆրանցիսկոսը խոսել է նաև լրագրողների և հավատացյալների հետ և ասել, որ մարտի 29-ին ինքնազգացողությունը վատացել է, սակայն հիմա իրեն բավականաչափ լավ է զգում։
Պոնտիֆիկոսը հռոմեական հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 29-ի կեսօրին։ Բժիշկները նրա մոտ շնչառական վարակ էին հայտնաբերել։ Մարտի 30-ին Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Պապը ևս մի քանի օր կմնա հիվանդանոցում՝ վիրուսային բրոնխիտի բուժման համար։