Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 18-ին, պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն «արդեն պատասխանել է և դեռ կպատասխանի» այս տարվա սկզբին Միացյալ Նահանգների կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, հաղորդում է EADaily-ն։
«Ամերիկացիները սպանել են մեր մեծ զորավարին։ Մենք արձագանքել ենք այդ ահաբեկչական գործողությանը և դեռ կպատասխանենք դրան»,- հայտարարել է Իրանի նախագահը։
Իրանի նախագահի հայտարարությունն արվել Է մերձավորարևելյան տարածաշրջանում հերթական էսկալացիայի ֆոնին՝ այս ամիս Իրաքի տարածքում գտնվող ռազմակայանների ուղղությամբ հրթիռային հարվածների շարքից հետո, որտեղ տեղակայված են ամերիկացի զինծառայողները:
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ավելի վաղ Իրանին և նրա կողմից աջակցվող ռազմական շիաների կազմավորումներին պատասխանատու են համարել այդ հարձակումների համար, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման դեմ Միացյալ Նահանգների գլխավորած պայքարի կոալիցիայի մինչև 10 զինվորականներ: