Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնություն է ներմուծել ձվի առաջին խմբաքանակը, հայտնել է Ռոսսելխոզնադզորը՝ նշելով, որ երեքշաբթի Յարագ-Կազմալյար անցակետով ձվի առաջին խմբաքանակը՝ 612 հազար հատ, հասել է ՌԴ։
«Ադրբեջանից պարենային ձվի մատակարարման համար ռուսական շուկան բացելու որոշումը կայացվել է այս տարվա նոյեմբերին՝ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալության նախագահ Գոշգար Թահմազլիի բանակցությունների արդյունքների հիման վրա»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Ինչպես հաղորդվում է, առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում կարող են սկսվել նաև ձվի մատակարարումները Թուրքիայից։
Ներմուծումն ուղղված է Ռուսաստանի Դաշնությունում գնային իրավիճակի կայունացմանը։ Այդ նպատակով, մասնավորապես, որոշում է կայացվել զրոյացնել ձվի ներմուծման մաքսատուրքերը 2024 թվականի առաջին կիսամյակում։ Մատակարարման ծավալը կարող է հասնել 1,2 միլիարդ միավորի։