Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Ալի Լարիջանին Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Թեհրանին օգնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ալի Լարիջանին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանին ցուցաբերած օգնության համար, ինչպես նաև հանդես է եկել ռուս-իրանական տնտեսական և առևտրային կապերի զարգացման օգտին», – ասված է հաղորդագրության մեջ:
Լարիջանին նաև խնդրել է ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն Իրան և հանդես է եկել այդ նպատակով միջտարածաշրջանային կապերի ամրապնդման օգտին:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում՝ ընդգծելով պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը:
«Վյաչեսլավ Վոլոդինը և Ալի Լարիջանին պաշտպանել են մի շարք երկրների նախաձեռնությունը պատժամիջոցների վերացման և պատժամիջոցային քաղաքականությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով դրանց հակամարդկային բնույթը, առավել ևս աշխարհում կորոնավիրուսի զանգվածային տարածման հետ կապված իրավիճակում», – նշվում է Դումայի կայքում:
Բացի այդ, հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ քաղաքական գործիչները համաձայնել են միջխորհրդարանական համագործակցության բոլոր ձևաչափերը ժամանակավորապես տեղափոխել հեռվար ռեժիմ:
Ավելի վաղ ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Մոսկվան Թեհրանին 500 ախտորոշիչ սարք է տրամադրել վարակի հայտնաբերման համար, որոնցով կարելի է ստուգել մոտ 50 հազար մարդու: