Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչները նստացույց են անցկացրել Բեյրութում Հայաստանի դեսպանատան դիմաց, հայտնում է Լիբանանի ՀՅԴ երիտասարդական միությունը։
Միության կողմից կազմակերպված ակցիան անցկացվել է «Ո՛չ պարտվողական քաղաքականությանը» կարգախոսով։ Ցուցարարների ձեռքին եղել են «Արցախը հանձնողը կհանձնի Հայաստանը», «Ո՛չ Տավուշի հանձնմանը» և այլ գրություններով պաստառներ։
Նշվում է, որ, ակցիայի մասնակիցները հանդիպել են Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին և նրան փոխանցել նամակ, որում մերժում են Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը։
Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են, որ երթով Երևան կհասնեն մայիսի 9-ի կեսօրին: Տավուշում ապրիլի 19-ի երեկոյան սկսվել են մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաները։ Նրանք փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը Տավուշից սահմանի սահմանազատում սկսելու և Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման դեմ։ Մայիսի 2-ի առավոտյան ոստիկանությունը բերման էր ենթարկել բողոքի ակցիայի 30 մասնակցի և փակել դեպի գյուղ տանող ճանապարհը: