Մրցումների պատմության մեջ առաջին անգամ Փարիզում 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը մարզադաշտում չի անցկացվի, հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայությունը։
Կազմակերպիչներն արարողությունն անվանել են «օրիգինալ և եզակի» և նշել, որ այն կմնա որպես Օլիմպիական խաղերի պատմության ամենահիշարժան պահերից մեկը: 10500 մարզիկների շքերթը Սենի հունով կձգվի արևելքից արևմուտք 6 կմ երկարությամբ։ Յուրաքանչյուր պատվիրակություն կուղևորվի առանձին նավով: Բոլոր թիմային նավակները կահավորված կլինեն տեսախցիկներով, որպեսզի արարողությանը հետևող հանդիսատեսը կարողանա մոտիկից տեսնել մարզիկներին:
Շքերթը կմեկնարկի Աուստերլիցի կամրջից և կշրջի Փարիզի կենտրոնում գտնվող Սեն-Լուի և Սիտե կղզիներով: Մարզիկները կկարողանան դիտել մի շարք խաղերի վայրեր իրենց նավակից: Հանդիսատեսի մեծ մասի համար արարողությունը կլինի անվճար:
Օլիմպիական խաղերի 18 օրերի ընթացքում 206 պատվիրակությունների 10 500 մարզիկներ կմասնակցեն 32 մարզաձևերում մրցումներին։
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում կանցկացվեն նաև Պարալիմպիկ խաղերը, որին կմասնակցեն 184 պատվիրակություններից 4400 պարալիմպիկ մարզիկներ։ Օգոստոսի 11-ին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի կունենա Փարիզի Օլիմպիական խաղերի փակման արարողությունը։
Ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ է ուղարկել Փարիզ առաջիկա XXXIII ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան $64 հազար)։ Հուլիսի 25-ին Փարիզում բացվել էր «Հայաստանի տունը», որը կգործի հուլիսի 25-ից օգոստոսի 11-ը և կդառնա 2024 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ հայ երկրպագուների կենտրոնը։