Իսրայելի բանակն արգելել է իր զորքերին մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարձակման սպառնալիքների ներքո, հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությանը։
Բանակի ղեկավարության հրամանի համաձայն՝ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այս երկու հանրապետությունում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել։
Հեռուստառադիոընկերությունը նշում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանի կողքին, իրենց տարածքում ապրում են իրանցիներ, իսկ Ադրբեջանն ընդհանուր սահման ունի Իսլամական հանրապետության հետ։
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: