Իրանը կհետաձգի հարձակումն Իսրայելի վրա միայն այն դեպքում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները հանգեցնեն Գազայի հատվածում հրադադարի, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի երեք պաշտոնյայի։
Ըստ աղբյուրի՝ Գազայի հատվածում հակամարտության վերաբերյալ հաջորդ բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 15-ին։
Reuters-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ Իրանը, լիբանանյան «Հեզբոլլահի» հետ միասին, ծրագրում է հարձակվել Իսրայելի տարածքի վրա, եթե Գազայի հատվածում բանակցությունները ձախողվեն կամ կարծում է, որ Իսրայելը ձգձգում է բանակցությունները: Իրանը վերջին օրերին երկխոսություն է վարում արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր պատասխան միջոցների շուրջ, հավելել են զրուցակիցները։
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: