Իսրայելը Գազայի հատվածի բնակելի ենթակառուցվածքները 42 մլն տոննա շինարարական աղբի է վերածել, որի մաքրման համար տարիներ և հարյուր միլիոնավոր դոլարներ կպահանջվեն, գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի տվյալները։
Այդ հաշվարկներով՝ վերականգնման ներդրումների ծավալը կկազմի առնվազն 80 մլրդ դոլար, իսկ ավերված շենքերի բեկորների դուրսբերման համար կպահանջվի մոտ 700 մլն դոլար:
«Տեղանքի մաքրման գործընթացը բարդ կլինի նրանով, որ ավերակներում մեծ քանակությամբ չպայթած արկեր, վտանգավոր թափոններ և մարդկային մնացորդներ կան»,- ասված է հրապարակման մեջ։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ իսրայելական բանակի գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 40 հազար, վիրավորվել՝ 92 հազար մարդ: