Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահի» շարժման ավելի քան 40 մեկնարկային հենակետերի ուղղությամբ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակին:
Շարժումն, իր հերթին, հայտարարել է Իսրայելի տարածքում հարյուրավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման մասին: Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ կանխարգելիչ հարվածների միջոցով շատ ավելի մասշտաբային հարձակում են կանխել: Գործողությունն իրականացվել է այն բանից հետո, երբ իսրայելական կողմը եկել է այն եզրակացության, որ «Հեզբոլլահը» պատրաստվում է հարված հասցնել: Ըստ աղբյուրի` իսրայելական ավիահարվածներում ներգրավված էր Իսրայելի ռազմաօդային ուժերի մոտ 100 ինքնաթիռ։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է երկրում արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնելու մասին: Թել Ավիվում «Բեն Գուրիոն» օդանավակայանի թռիչքները դադարեցվել են մոտ 90 րոպեով։
«Հեզբոլլահը» հայտարարել է Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր և ավելի քան 320 հրթիռ արձակելու ու երկրի տարածքում 11 ռազմական թիրախ խոցելու մասին: Շարժումը նշել է, որ գնդակոծությունը հուլիսի վերջին Բեյրութում Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքերի սպանությանն իր պատասխանի «առաջին փուլի» ավարտն է: Խմբավորումը հայտարարել է, որ ամբողջական պատասխանը «որոշ ժամանակ» կպահանջի։
Ինչպես գրում է AP գործակալությունը, ներկայումս երկու կողմերն էլ հարվածներ չեն հասցնում: Նրանք տեղեկացրել են, որ հարվածներ են հասցրել միայն ռազմական օբյեկտներին: Լիբանանին հասցված հարվածների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, մինչդեռ Իսրայելում զոհերի մասին տեղեկություններ չկան:
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։