Իսրայելում զինադադարի և պատանդների արձակման պահանջով համազգային գործադուլ է տեղի ունենում, հայտնում է The Guardian-ը։
Ըստ աղբյուրի՝ հազարավոր իսրայելցներ դուրս են եկել փողոց և պահանջում են ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարվածներին, ինչպես նաև Գազայի հետ զինադադարի համաձայնություն կնքել:
Ցուցարարները դրոշներով անցել են երկրի խոշոր քաղաքների, այդ թվում՝ Թել Ավիվի և Երուսաղեմի կենտրոններով։ Վերջիններս վարչապետ Բենյամին Նեթանյահուին և նրա կառավարությանը մեղադրում են ՀԱՄԱՍ-ի հետ գործարք կնքելու համար ոչ բավարար ջանքեր գործադրելու մեջ։
Նշվում է, որ գործադուլի պատճառ են դարձել Գազայի հատվածի ստորգետնյա թունելում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերված 6 պատանդների, այդ թվում՝ ռուս Ալեքսանդր Լոբանովի մարմինները։
Սեպտեմբերի 1-ին հայտնել էինք, որ սեպտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 8:00-ից Թել Ավիվի «Բեն Գուրիոնի» օդանավակայանը համընդհանուր գործադուլի պատճառով կփակվի։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։