Թուրքիայում Երիտասարդական միության 15 ներկայացուցիչ է ձերբակալվել ամերիկացի զինվորականի վրա հարձակվելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպությանը։
Ըստ աղբյուրի՝ ամերիկացի զինվորականը USS Wasp դեսանտային նավով էր հասել Իզմիրի նավահանգիստ։
Կազմակերպությունը նաև տարածել է զինվորականի վրա հարձակման տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են մի քանի մարդ շրջապատում օտարերկրացուն, իսկ նրանցից մեկը սպիտակ տոպրակ է դնում նրա գլխին։
«Ամերիկացի զինվորները, որոնց ձեռքերը ներկված են մեր զինվորների և հազարավոր պաղեստինցիների արյունով, չեն կարող աղտոտել մեր երկիրը: Ամեն անգամ, երբ դուք ոտք եք դնում այս հողի վրա, մենք կընդունենք ձեզ այսպես, ինչպես դուք արժանի եք»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ամերիկյան նավը ժամանել է Միջերկրական ծով, որտեղ օգոստոսի կեսերին համատեղ զորավարժություններ է անցկացրել թուրք զինվորականների հետ։