Վանա լճի Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է ամենամյա պատարագ, հայտնում է Hurriyet Daily News-ը։
Նշվում է, որ արարողությունն անցակացրել է Հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը, իսկ պատարագը մատուցել է Տրդատ Ուզունյանը։ Միջոցառմանը, որը տեղի է ունենում սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը, ներկա են գտնվել մարդիկ ամբողջ աշխարհից։
Սուրբ Խաչ եկեղեցին պաշտամունքի համար բացվել է 2010 թվականին՝ 95 տարվա ընդմիջումից հետո։ Եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին՝ Մանվել ճարտարապետի կողմից։ 1113 թվականից այն հանդիսացել է Հայ Առաքելական եկեղեցու Աղթամարի կաթողիկոսության նստավայրը։