Լիբանանում առնվազն 37 մարդ է զոհվել սեպտեմբերի 17-ին և 18-ին փեյջերների և շարժական կապի միջոցների պայթյունների հետևանքով, հայտնել է The National-ը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները։
Սեպտեմբերի 17-ի պայթյունների հետևանքով զոհվել էր 12 մարդ, սեպտեմբերի 18-ի պայթյունների զոհերի թիվը հասել էր 25-ի։ Նշվում է, որ բոլոր մահացածները լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման անդամներ են։
Պաշտոնական տվյալներով՝ 2750 մարդ վնասվածքներ է ստացել։
Լիբանանի կառավարության ղեկավար Նաջիբ Միքաթին Լիբանանում պայթյունների վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից առաջ ՄԱԿ-ին կոչ է արել «ամուր դիրքորոշում որդեգրել Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիան և նրա վարած տեխնոլոգիական պատերազմը դադարեցնելու հարցում»։
Սեպտեմբերի 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում «Հեզբոլլահ» շարժման անդամների կողմից օգտագործվող կապի սարքեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ էին պայթել, զոհերի թիվը հասել էր 20-ի։
Սեպտեմբերի 17-ին Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթյունի հետևանքով տուժել էր ավելի քան 2800 մարդ, զոհերի նախնական թիվը 8-ն էր։