Սեպտեմբերի 20-ին TNT-ով Comedy Club շոուի թողարկումը վերջինը կլինի, գրում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով «Գազպրոմ մեդիա»-ին։
Տարածված հաղորդագրության մեջ մեջբերում են հաղորդման կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովի պաշտոնական հայտարարությունը. «Մենք հաստատում ենք, որ Comedy Club-ը փակվում է»։
«Մենք՝ որպես ամբողջ ալիք, թիմ, մտածեցինք, գնահատեցինք իրավիճակը, և ես կարող եմ միայն մեկ բան ասել՝ «Ցտեսություն, Comedy»,- ասել է TNT հեռուստաալիքի տնօրեն Թինա Կանդելակին։
Comedy Club-ը հումորային հեռուստաշոու է՝ արտադրված Comedy Club Production-ի կողմից, որը հեռարձակվում է TNT հեռուստաալիքով 2005 թվականի ապրիլի 23-ից։ Ընդհանուր առմամբ՝ հեռարձակվել է 19 հեռուստասեզոն և ավելի քան 800 օրիգինալ դրվագ, ինչպես նաև 1500 ստենդ-ափ, 4000 հումորային մանրապատում և 10 000 համերգներ աշխարհի հարյուրավոր քաղաքներում: Comedy Club-ի հիմնադիրներից է շուոի գեղարվեստական ղեկավար և պրոդյուսեր, հայազգի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը։
TNT-ն ավելի վաղ հայտարարել էր, որ շոուի 20-րդ հոբելյանական եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին և այն կցուցադրվի թարմացված ձևաչափով։