Իրանի խորհրդարանի պատգամավոր Էսմայիլ Քոսարին հայտնել է, որ երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը Իսրայելին ռազմական պատասխան տալու որոշում է կայացրել։
«Որոշ պաշտոնյաներ և մյուսները կարող են ասել, որ մենք չենք պատասխանի Իսրայելին, բայց այս մարդիկ կառավարությունում և դրանից դուրս որոշումներ չեն կայացնում: Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն արդեն կայացրել է սիոնիստական ռեժիմին ռազմական պատասխան տալու որոշում»,- Քոսարիի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը, ով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ է։
Պատգամավորի խոսքով՝ այդ պատասխանը «շատ ավելի հզոր» կլինի, քան հոկտեմբերի 1-ին Իսրայելին հասցված Իրանի հրթիռային հարվածն էր։ Քոսարին նաև ասել է, որ պատասխան գործողություններ կիրականացվեն «դիմադրության ուժերի հետ միասին»։
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության ուժերն ավիահարվածներ էին հասցրել Իրանում հրթիռների արտադրության օբյեկտներին և նրա «երկիր-օդ» հրթիռների տեղամասերին։
Հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա։ Հարվածի ժամանակ արձակվել էր շուրջ 180-200 հրթիռ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը պատասխան կստանա։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանը հայտարարել էր Իսրայելի հնարավոր գործողություններին արձագանքելու ծրագրերի նախապատրաստման մասին։