ՌԴ Կազան քաղաքում ոստիկանների կողմից Իրանից ժամանած ուսանողների կալանավորումն անընդունելի է, միջադեպի պատասխանատու պաշտոնյաները պետք է պատժվեն, X-ի իր էջում գրել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հայտնում է «ՌԲԿ»-ն։
«Իրանցի ուսանողների և քաղաքացիների նկատմամբ ցանկացած անհարիր պահվածք դատապարտելի է, և Ռուսաստանի պատասխանատու պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն նման տխուր իրադարձությունների համար։ Կազանում իրանցի ուսանողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի հարցն ամենալուրջ կերպով վերցվել է վերահսկողության տակ»,- գրել է դիվանագետը։
Նա միաժամանակ նշել է, որ այս հարցում արդեն «լավ արդյունքներ» են ձեռք բերվել, և դեսպանությունը հույս է հայտնում, որ օրինախախտների դեմ «հրատապ» միջոցներ կձեռնարկվեն։
Նոյեմբերի 22-ին Կազանի դաշնային համալսարանի արտաքին կապերի բաժնի մոտ զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել, որից հետո ոստիկանությունը հայտնել էր, որ օտարերկրացիներ են բերման ենթարկվել։ Ըստ ՆԳՆ-ի՝ ամեն ինչ սկսվել է երկու տղամարդու կոնֆլիկտից, որը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի։ Նրանք ձերբակալվել են։
Նույն օրը ՌԴ մարզային քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի. կռվող օտարերկրացիներից մեկը բռնել է ոստիկանի համազգեստից և հրել նրան։ Իրավապահները չեն հստակեցրել, թե ինչ ազգության էին պատկանում ձերբակալվածները։