Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն արգելում է Ռուսաստանից երեխաների որդեգրումը կամ խնամակալությունն այն պետությունների քաղաքացիների համար, որտեղ թույլատրվում է սեռափոխություն իրականացնել, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Որդեգրումն արգելվում է «այն պետության քաղաքացի հանդիսացող անձանց համար, որտեղ թույլատրվում է սեռափոխությունը բժշկական միջամտության միջոցով, ներառյալ՝ սեռափոխությանն ուղղված դեղամիջոցների օգտագործումը, տարբեր սեռի առաջնային և (կամ) երկրորդական սեռական հատկանիշների ձևավորումը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու սեռի վերաբերյալ անձը հաստատող փաստաթղթերում առանց համապատասխան բժշկական միջամտության փոփոխություններ կատարելը»:
Օրենքը նախատեսում է Ռուսաստանից երեխաների որդեգրման կամ խնամակալության մերժում Ավստրալիայի, Ավստրիայի, Արգենտինայի, Բելգիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Դանիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Էստոնիայի և այլ երկրների քաղաքացիների համար։