Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայում տիրող իրավիճակը քննարկել է Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Աբբաս Արաղչիի հետ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ Լավրովը և Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի հարցը և Աստանայի գործընթացը։
Հրատարակությունը հիշեցրել է, որ Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան ներգրավված չէ սիրիական Հալեպ նահանգում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Նա նշել էր, որ Թուրքիան «երբեք թույլ չի տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը դառնա պետություն»։
Արաղչին Ռուսաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է «ԱՄՆ-ի և Իսրայելի դավադրության» մաս և կոչ արել Ռուսաստանին և Մերձավոր Արևելքի երկրներին համատեղ չեզոքացնել այն։
«Բանակցությունների ընթացքում կողմերը աջակցություն են հայտնել Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև այդ երկրի կառավարության և բանակի գործողություններին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում»,- գործակալությունը մեջբերել է Իրանի ԱԳՆ հաղորդագրությունը։
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը գտնվում է Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։ ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Սիրիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։