Դեկտեմբերի 5-ին Սիրիայում զինյալ ապստամբները Համայից դուրս են մղել սիրիական բանակին՝ գրավելով այն, հայտնում է Reuters-ը։
Ապստամբները հայտարարել են, որ գրավել են նաև քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող շրջանները և կենտրոնական բանտը՝ ազատելով բանտարկյալներին:
Գործակալությունը հիշեցրել է, որ Համայում (Սիրիայի մեծությամբ հինգերորդ քաղաքում) միանում են երկրի հյուսիս, արևելք և արևմուտք տանող ճանապարհները: Համա նահանգը սահմանակից է ափամերձ Լաթաքիա և Տարտուս նահանգներին։ Քաղաքից 40 կմ հարավ գտնվում է Հոմս քաղաքը (Համայից 25 կմ հարավ), իսկ 200 կմ հեռու՝ երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Գրոհայինների կողմից Համա նահանգի գրավումը կնշանակի Լաթաքիա նահանգի փաստացի շրջափակումը, որտեղ տեղակայված է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բազան։
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում է: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։
Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Գրոհայինները պարբերաբար հարձակումներ են իրականացնում մայրուղիների, քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է գրոհայինների ջոկատների ոչնչացման գործողությունները։