Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում ցույցերի ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար ձերբակալել են 5 մարդու, այդ թվում՝ մեկ օտարերկրացու, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Ձեռնարկված բազմակողմանի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բողոքի ակցիաների ժամանակ Ռուսթավելի պողոտայում մեղադրյալները չեն ենթարկվել և դիմադրել են ՆԳՆ աշխատակիցներին, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել են զանգվածային անկարգություններին և տարբեր առարկաներ նետել ոստիկանության ուղղությամբ»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Նրանց սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում։ Ընդհանուր առմամբ, ըստ ՆԳՆ-ի, Թբիլիսիում ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների համար տարբեր քրեական մեղադրանքներով 23 մարդ է բերման ենթարկվել։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ցուցարարները բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ, քանի որ եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։ Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին հանրապետությունում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։