Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը, երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Սիրիայում զինյալ խմբավորումների կողմից Համա քաղաքը գրավելուց հետո։
Ինչպես հայտնել են թուրքական ԶԼՄ-ները՝ Էրդողանը հույս է հայտնել, որ զինյալ խմբավորումների հաջորդ թիրախը կլինի Դամասկոսը։
«Իդլիբ, Համա, Հոմս, և թիրախն, իհարկե, Դամասկոսն է։ Սիրիայում ընդդիմության երթը շարունակվում է։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա առանց ցնցումների ու աղետների»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա հիշեցրել է, որ Անկարան դիմել է Բաշար ալ-Ասադին՝ համատեղ քննարկելու Սիրիայում կարգավորման հեռանկարները, սակայն դրական պատասխան չի ստացել։
«Դիմել ենք Ասադին՝ միասին որոշելու Սիրիայի ապագան։ Ցավոք , այս կոչին դրական արձագանք չեղավ»,- նշել է Էրդողանը։
Խոսելով Լիբանանում տիրող իրավիճակի մասին՝ նա մատնանշել է, որ երկիրը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։
«Շուրջն ամեն ինչ ավերակ է։ Օգնության խնդրանքներ են գալիս: Մինչ աշխարհը լռում է, մենք կշարունակենք ցուցաբերել մեր օգնությունը»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում է: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։
Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Գրոհայինները պարբերաբար հարձակումներ են իրականացնում մայրուղիների, քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է գրոհայինների ջոկատների ոչնչացման գործողությունները։