Սիրիական բանակը վերատեղակվել է և «պաշտպանության ամուր պատնեշ» ստեղծել Դերաա և Էս-Սուվեյդա նահանգներում, որտեղ ակտիվացել են նախագահ Բաշար Ասադին ընդդիմացող զինյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դերաայում և Էս-Սուվեյդայում գործող մեր ուժերը վերատեղակայումներ են իրականացրել և պաշտպանության ու անվտանգության ամուր պատնեշ ստեղծել այդ ուղղությամբ, երբ ահաբեկչական տարրերը գրոհել են զինվորական հսկիչ սահմանային կետերը, որպեսզի շեղեն այն ստորաբաժանումներին, որոնք սկսել են վերականգնել վերահսկողությունը Հոմս և Համա Նահանգներում»,- նշված է տեքստում:
Հրամանատարությունն ընդգծել է, որ «կառավարական ուժերն արձագանքում են իրադարձությունների ընթացքին՝ ապահովելով երկրի և քաղաքացիների անվտանգությունը»:
«Մեր զինված ուժերը շարունակելու են դիմակայել ահաբեկչությանը ողջ հաստատակամությամբ և ուժով»,- հավելել են զինվորականները։
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում է: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։
Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Գրոհայինները պարբերաբար հարձակումներ են իրականացնում մայրուղիների, քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է գրոհայինների ջոկատների ոչնչացման գործողությունները։
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանն ասել էր, որ Հալեպում 10-12 հազար հայ կա և այս պահին հայերի տարհանում հնարավոր չէ։
Դեկտեմբերի 5-ին Սիրիայում զինյալ ապստամբները Համայից դուրս են մղել սիրիական բանակին՝ գրավելով այն։ Այնուհետև գրավել Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք։