Թուրքիան Սիրիային միայն խաղաղություն է ցանկանում և ոտնձգություն չի իրականացնում նրա տարածքի նկատմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք ոտնձգություն չենք իրականացնում որևէ մեկի տարածքի, նույնիսկ որևէ այլ երկրի խճաքարի նկատմամբ։Հույս ունենք մոտ ժամանակներս տեսնել, որ մեր հարևան Սիրիան 13 տարվա տառապանքներից հետո կվերադառնա խաղաղության, կայունության և հանգստության»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Գազիանթեփում։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Սիրիայի իշխանությունները դրական չեն արձագանքել «Թուրքիայի մեկնած ձեռքին»:
Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։
Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում է: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։
ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։
Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Գրոհայինները պարբերաբար հարձակումներ են իրականացնում մայրուղիների, քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է գրոհայինների ջոկատների ոչնչացման գործողությունները։
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանն ասել էր, որ Հալեպում 10-12 հազար հայ կա և այս պահին հայերի տարհանում հնարավոր չէ։
Դեկտեմբերի 5-ին Սիրիայում զինյալ ապստամբները Համայից դուրս են մղել սիրիական բանակին՝ գրավելով այն։ Այնուհետև գրավել Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք։