Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն հայտարարել է, որ Վրաստանում ցույցերի ժամանակ անկարգությունների մասնակիցներին նախապես սովորեցրել են, թե ինչպես թաքցնել իրենց դեմքերը, որպեսզի նրանց ինքնությունը դժվար լինի պարզել, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Հասարակ վերլուծությունը հստակ ցույց է տալիս, որ անկարգություններ հրահրողները ու հեղինակները գործել են անպատժելիության զգացումով, քանի որ թաքնված անձինք չեն կարողացել բացահայտվել»,- ասել է Դարախվելիձեն։
Փոխնախարարը դրական է գնահատել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նախաձեռնությունը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ խորհրդարանը շուտով կընդունի օրենք, որն արգելելու է դիմակներ կրելը և դեմքերը թաքցնելը հանրահավաքներին կամ այլ զանգվածային հավաքներին։
Ինչպես նշել է ՆԳՆ ղեկավարի տեղակալը, Ռուսթավելի պողոտայում վերջին օրերին անկարգություններ հրահրողների գործողությունների շնորհիվ արձանագրվել են գողության, կողոպուտի, ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ մասնավոր գույքի վնասման փաստեր։ Ընդհանուր վնասը, նրա խոսքով, գերազանցում է հարյուր հազարավոր դոլարը։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ էին ստացել նոյեմբերի 29-ին՝ կապված նոյեմբերի 28-ին իշխանությունների որոշման հետ, ըստ որի՝ մինչև 2028 թվականը նրանք օրակարգից հանել են Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները։
Երկրի վարչապետը հայտարարել էր, որ ցուցարարները բողոքում են գոյություն չունեցող խնդրի դեմ, քանի որ եվրաինտեգրման գործընթացը չի դադարել։ Նոյեմբերի 29-ին Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների նկատմամբ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել։
Հոկտեմբերի 26-ին հանրապետությունում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ, հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։