Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի անբաժանելի մասը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Գոլանի բարձունքների նկատմամբ վերահսկողությունն ու իշխանությունը մեզ անվտանգություն են ապահովում։ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի անբաժանելի մասը»,- ասել է նա:
Նեթանյահուն նաև պնդել է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության վերջը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իրանի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումների անմիջական հետևանքն էր:
«Մենք փոխում ենք Մերձավոր Արևելքի տեսքը։ Ցանկանում ենք տեսնել այլ Սիրիա և մեր ձեռքը մեկնել նրանց, ովքեր ցանկանում են ապրել խաղաղության մեջ»,- հավելել է Նեթանյահուն:
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։