Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ պաշտպանության բանակը մտադիր է ձմռանը մնալ Գոլանի բարձունքներում գտնվող Հերմոն լեռան սիրիական կողմում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Կացը նշել է, որ դա անհրաժեշտ միջոց է Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Նա ընդգծել է, որ լեռնագագաթին եղանակային խիստ պայմանների պատճառով անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա տեղադրել և զորքերի հատուկ պատրաստություն անցկացնել։
Դեկտեմբերի 9-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի անբաժանելի մասը։ Դեկտեմբերի 10-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Սիրիայի ավիաբազաներին։ Նույն օրը Կացը հայտարարել էր, որ իսրայելական զինվորականներին հանձնարարվել է «ստերիլ պաշտպանական գոտի» ստեղծել Սիրիայի հարավում։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։